Ամեն մարդու շապիկ իր մարմնին է մոտ, ամեն վերք իր տիրոջն է ցավ պատճառում։ Անժխտելի ճշմարտություններ են սրանք, դրանցից ելնելով էլ` մեր երկրում տիրող ընդհանուր անարդարության և անպատժելիության խճանկարից առանձնացնեմ երկու գույն, երկու վերք, որոնց ցավը որքան անձնական, նույնքան էլ արդիական է, հատկապես հոսանքի այս նոր թանկացման ֆոնին։
Ապրում ենք երկուսով` ես և մայրս։ Ես կայուն աշխատանք չունեմ, զբաղվում եմ ձեռագործով, մայրս` 2008-ի հոկտեմբերից (այդ ժամանակվա օրենքով 61 ու կես տարեկանից էին կանայք թոշակի անցնում) թոշակ պետք է ստանար, բայց չի ստանում (այս մասին, որպես կամայականության և լպիրշության նողկալի փաստի` քիչ ուշ)։ Մի խոսքով, թեկուզև նվազագույն, եկամտի կայուն աղբյուր չունենք, և ինքնին պարզ է, որ յուրաքանչյուր թանկացում բաց նյարդով ենք զգում։ Առայսօր պետությունից` որպես գործազուրկ, որպես ծայրահեղ անապահով ընտանիք 10 դրամ օգնություն, նպաստ, փոխհատուցում չենք ստացել (անկեղծ ասած` չենք էլ դիմել)։ Երբ մեծ ու փոքր պաշտոնյաները, ՀԷՑ-ը կամայականություն և թալան են անում` մենք լծակ և մահակ չունենք նրանց պատժելու համար, բայց երբ շարքային քաղաքացին, թեկուզ իրենց մեղքով, երկու ամիս հոսանքի վարձ չի վճարում, բնակարանը հոսանքազրկում են` տարեց կնոջը թողնելով մթության մեջ։ Սույն թվականի ապրիլի 30-ից մեր բնակարանը հոսանքազրկեցին (ուղիղ 40 օր)։ Հունիսի 8-ին, 39-րդ օրը, մեծահոգի և ազնվագույն մի տիկնոջ աջակցությամբ վճարեցինք հոսանքի վարձը, ուր հարկն է տեղեկացրինք վճարման մասին և սպասեցինք, որ... եղիցի լույս, բայց այդ օրն էլ խավարի մեջ անցկացրինք։ Հաջորդ օրը վճարման թերթիկով հայտնվեցինք ՀԷՑ-ի «Մալաթիա-Սեբաստիա» մասնաճյուղի տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանի աշխատասենյակում։ Վերջինս զարմացավ, որ մեր հոսանքը չեն միացրել (իրեն էինք տեղեկացրել վճարման մասին)։ Կանչեց տեղակալ Տիգրանյանին (անունը չգիտեմ) և ճշտեց. «Ես որ երեկ քեզ հասցե ասացի և կարգադրեցի միացնել լույսը, ի՞նչ եք արել»։ Վերջինս, մի կերպ հաղթահարելով շփոթմունքը (մեր այցն անակնկալ էր), անորոշ մի բան կմկմաց, որը պետք է հասկանալ իբրև դրական պատասխան։ Ապա փորձ արվեց մեղքը գցել ապահովիչների վրա, կարծելով, որ, երբ տանը տղամարդ չկա և դու էլ առաքինի տեսակ ես, կյանքի հրամայականով մի քիչ և՛ փականագործ ես, և՛ էլեկտրիկ, և՛... Ասելս այն է, որ երբ աշխատանքային ժամն ավարտվեց, իսկ հոսանքը չմիացրին, ես ապահովիչները ստուգել էի` նույնը կասկածելով։ Փաստն այն էր, որ էլեկտրիկները լկտի խաղ էին խաղում և՛ բացահայտ, և՛ իրենց ղեկավարի` Անդրանիկ Հովհաննիսյանի թիկունքում։
Եվ այսքանից հետո ՀԷՑ-ը սակագնի բարձրացում է ակնկալում իր ո՞ր ծառայության դիմաց. բաժանորդի նյարդերը քայքայելո՞ւ, մահակ ճոճելո՞ւ, թե՞ որպես ատամնավարձ, որ նեղություն է քաշել և ծնոտները շարժելով միլիոններ է լափել, կամ, գուցե, անհագուրդ ախորժակավա՞րձ որպես։
Հարցս որքան հռետորական, նույնքան էլ միամիտ կթվա, բայց որքա՞ն կարելի է անամոթության և անարդարության կշեռքին նոր կշռաքարեր ավելացնել, մինչև ե՞րբ։ Դառնամ այդ կշեռքի առավել ծանր կշռաքարին, որը փոխկապակցված է վերը նշվածին։
Ինչպես վերն ասացի, մայրս` 1973 թ. մայիսից Հայաստանի քաղաքացուհի Ասյա Աթանյանը, մշտապես ապրելով Հայաստանում, 2008-ի հոկտեմբերից (6 տարվա աշխատանքային ստաժով) թոշակ պետք է ստանար։ Նույն թվականի սեպտեմբերին դիմել էր Մալաթիա-Սեբաստիա համայնքի սոցապբաժին։
Չանդրադառնամ աշխատակցուհու, այդ ոլորտից շատերին բնորոշ կոպիտ և գռեհիկ վերաբերմունքին, որից հուզված և վիրավորված մայրս տուն էր եկել։ Անհրաժեշտ փաստաթղթերը ընդամենը չորսն էին` անձնագրի պատճենը, սոցիալական քարտ, իմ ծննդյան վկայականի և աշխատանքային գրքույկի պատճենները։ Այստեղ էլ կռվեց կամայականության շղթայի առաջին օղակը, որն աստիճանաբար ավելանալով կողպեքեց այս հարցը առայսօր։
Իրավիճակը ճիշտ հասկանալու համար պետք է պատկերացնել մի հսկա ալիգատոր, որի պոչը ներկայում է, իսկ գարշելի երախը ձգվում է մինչև 1980-ականները, երբ մայրս աշխատում էր Երևանի Մյասնիկյանի անվան թիվ 1 տրիկոտաժի ֆաբրիկայում։ Անարդարություններ, ցավոք, միշտ են եղել, ազնիվ մարդու ճանապարհին գցվող քարեր` նույնպես։ Իր բոլոր դրական կողմերով հանդերձ, խորհրդային տարիները հայտնի էին գործարանային արտադրանքի գողություններով. ով որտեղ աշխատում էր, արտադրամասերի պետերի թողտվությամբ, կոպիտ ասած, իր արտադրածի գողն էր (տրիկոտաժի արտադրամասերում` հատկապես), թեպետ, իբր, պահակ-հսկիչներ կային մոտերքում։ Դե, նրանք էլ իրենց «հասանելիքն» առնելով` կույր էին ձևանում։ Մայրս հրաժարվել էր այդ ամոթալի գործից, որին ի պատասխան, արտադրամասի պետը, ոմն Աջարյան Հակոբ, բացեիբաց ասել էր. «Քո ազնվությամբ դու մեզ խանգարում ես»։ Եվ սկսվել էր մի անամոթ հալածանք միայնակ կնոջ դեմ, ինչը, պատկերացնո՞ւմ եք, շարունակվեց դպրոցում` իմ դեմ։ Ինչևէ, այն կնոջը, ով Սովետաշենի կարի ֆաբրիկայի Նորքի մասնաճյուղում աշխատելիս, ընդամենը երկու տարվա ընթացքում որպես վարպետ կարող 1975-ի օգոստոսին արժանացել էր «Կոմունիստական աշխատանքի հարվածային»-ի գրքույկի և մեդալի (նշյալ ֆաբրիկայի արխիվում կարելի է գտնել հրամանագիրը), ում կարած արտադրանքն էր ներկայացվում ղեկավարությանը և ստուգողներին, ով թիվ մեկ փորձանմուշ կարողն էր, տարիներ անց, հալածանքից հետո նշանակվում է աշակերտի` 40 ռուբլի աշխատավարձ։ Բնականաբար, եղավ ընդվզում, եղան բողոքներ, և քանի որ մայրս ամիսներ շարունակ աշխատեց, բայց որպես բողոք` չստացավ այդ նվաստացուցիչ աշխատավարձը, որը, գրեթե 400 ռուբլի, առայսօր մնաց գործարանում։
Անարդարության կաթսայի մեջ եփվող այս շիլայի շերեփը Ա. Մյասնիկյանի անվան N1 տրիկոտաժի ֆաբրիկայի այն ժամանակվա դիրեկտոր Ռիմա Սուրենի Բեկիրսկայայի (այժմ` Բեկիրսկա) ձեռքին էր։ Հիմա մոտենում ենք թոշակի ողջ իրարանցման հիմքին։ Մորս աշխատանքային գրքույկը առայսօր գտնվում է ֆաբրիկայի արխիվում։ Հսկա ֆաբրիկան, որը Հրանտ Բագրատյանի թեթև ձեռամբ, Աստված գիտե քանի գրոշով սեփականաշնորհվեց մայր և որդի Ռիմա և Սուրեն Բեկիրսկիներին, այժմ գործում է «Տոսպ» անվամբ։ Ռ. Բեկիրսկան, համաձայնության գալով տարածքային սոցապի պետ Գ. Մարտիրոսյանի հետ, ամեն կերպ աշխատեց ազատվել այդ չարաբաստիկ գրքույկից։ Կառչեցին բնօրինակից, համառորեն պահանջելով այն, թեպետ պատճենումը բնօրինակից հենց գործարանի տնօրենի քարտուղարուհին արեց և տվեց մեզ։ Ի վերջո, խոսքն ընդամենը 6 տարվա ստաժի մասին էր, որը Գ. Մարտիրոսյանը լեզվից թռցրեց, թե զանգել ճշտել են. սխալ և անճշտություն չկա։ Իմ տարակուսանքին, թե էլ որն է խնդիրը, նա դասը սերտածի նման մի բան էր կրկնում. «Ես ուզում եմ, որ աշխատանքային գրքույկը բերեք»։ (Հետաքրքիր է, մեռածներին թոշակ ձևակերպելիս ինչպե՞ս են վարվում, կամ կեղծ ստաժ ձևակերպելիս բնօրինակների մեջ և՞ս հավելյալ տարիներ են գրանցում)։
Մեկ քաշքշուկ էլ այստեղ ստեղծվեց։ Անցան ամիսներ, դիմեցինք և՛ այն ժամանակվա սոցապ նախարարին, և՛ վարչապետ Տիգրան Սարգսյանին, և՛ նախագահին։ Ապարդյուն, մեծ մասամբ բողոքները մնում էին անպատասխան։ Երկու անգամ սոցապնախարարության սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետ Սմբատ Սաիյանը իրեն վերահասցեագրված իմ ահազանգին, որ օրենքի խախտում և կամայականություն է կատարվում, տարիներն անցնում են, բայց օրինական թոշակը չես հասկանում ինչ է լինում, պատասխան ուղարկեց, որ համաձայն ՀՀ այսինչ օրենքի այնինչ հոդվածի, թոշակի համար անհրաժեշտ են այս ու այս փաստաթղթերը։ Կարծես ես իրենից հարցնում էի` ի՞նչ է անհրաժեշտ թոշակ ստանալու համար։ Խե՜ղճ երկիր, որ անհեթեթ մարդիկ են գործերդ վարում իրենց անհեթեթ աշխատանքով և անհեթեթ պատասխաններով։
Երբ Վերահսկիչ պալատը կենսաթոշակային խայտառակ բացահայտումներ արեց, հուսադրված, 2011-ի գարնանը դիմեցի Իշխան Զաքարյանին` մատնանշելով այս կամայականությունը, ինչո՞ւ ոչ` հանցագործությունը։ Նամակս... անհետացավ։ ԱԺ նամակների բաժնի վարիչը հեռախոսով ինձ հավատացնում էր, որ փոխանցել են Վերահսկիչ պալատ, այնտեղից ժխտում էին, ասելով, որ նման նամակ չեն ստացել։ Ինձ խնդրեցին նորից գրել, ես էլ, միամտաբար, փոխանակ համառորեն պահանջելու, որ գտնեն նամակս (անձամբ էի ԱԺ-ի արկղի մեջ գցել), նորից գրեցի, որին ոչ թե գրավոր պատասխանեցին, այլ հեռախոսազանգ ստացվեց Մալաթիա-Սեբաստիայի սոցապից, ոմն տեղակալ Մեսրոպյան ներկայացածից, որը հրավիրեց սոցապ` թոշակի համար դիմում գրելու։ Մեր այն հարցին` ի՞նչ է լինելու գրեթե երեք տարի չստացած թոշակը, բորբոքված հայտարարեց. «Դա չենք տա, իսկ եթե դա պահանջելու եք` ընդհանրապես թոշակ չենք տա», և կախեց լսափողը։ Մարդը խե՜լք ուներ, սեփական գրպանից նվիրատվությո՜ւն պիտի տար, մենք էլ այնքան «աներես» էինք, որ երեք տարվա գումարը չզիջեցինք։ Սա՞ է իրավական, ազատ և անկախ երկիրը, որի մասին այնքա՜ն երազել էին ոմանք։
Այսպիսով, Ռիմա Բեկիրսկան, ինչպես ժամանակին փայլուն կերպով դժոխքի վերածեց իմ մանկությունը, նույն հաջողությամբ տառապանքի է վերածել մորս ծերությունը։
Աշխատանք չեն տալիս` լույսի վարձ են պահանջում, թոշակ չեն տալիս` լույսի վարձ են պահանջում։ Իրենց ձեռքին պատժիչ մահակ կա, քո ձեռքին` թղթե արդարություն, որի այբուբենին ծանոթ չեն մեր մեծարգո պաշտոնյաները։ Երբ բանակ գնալու տարիքը հասնում է, հրաշալի գիտեն, թե որ հասցեում ինչ զինվորացու կա, 7 տարի է` քաղաքացուհին աղմկում է իր օրինական թոշակի համար, բոլորն անգիտակ, խուլ ու համր են ձևանում։
Հույսը բույս է, որն առանց ջրի միշտ կանաչ է, ասում է ջավախքցին։ Հուսամ, որ սա որպես բաց նամակ կամ ահազանգ կհնչի սոցապնախարար Արտեմ Ասատրյանին` վերջնական, արդար և հիմնավոր լուծման ակնկալիքով։
Ի վերջո, պետք է վերջ տրվի այս խելահեղ արշավին. մեկն իր անամոթությունն է մտրակել և կուրորեն սլանում է, մյուսն իր շահամոլությունն է չափ գցել, երրորդն իր փառատենչությունն ու իշխանամոլությունը, շատերն էլ իրենց ներքին չարությունը չափ գցած վարգում են` անխնա տրորելով ամեն մարդկայինը։ Հոգնեցինք Դոն Կիխոտ լինելուց. մի՞թե արդար հատուցումը միայն գրքերում է լինում, թե՞ այն ընդհանրապես միֆ է։
Գայանե ԱԹԱՆՅԱՆ